Յոթանասունչորս տարեկան հասակում մահկանացուն կնքեց համաշխարհային բռնցքամարտի մեծագույն լեգենդներից մեկը՝ Մոհամեդ Ալին, ով հայտնի էր նաև Կասիուս Քլեյ անունով: Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը կյանքի վերջին օրերն անցկացրեց հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր շնչուղիների հետ կապված խնդիրներով: Հայտնի էր, որ կյանքի տևական հատված Ալին տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Բոլոր դեպքերում, համաշխարհային սպորտը կորցրեց լեգենդար անուն, ով 1960-1970-ական թվականներին իր անունը ոսկե տառերով դաջեց սպորտի պատմության մեջ:
Սակայն Մոհամեդ Ալին հայտնի էր ոչ միայն մարզական կենսագրությամբ: Կյանքը նրան շատ արագ քաշեց քաղաքականություն, և պատճառը եղավ դիպվածը, երբ նրան՝ օլիմպիական չեմպիոնին, չթողեցին մտնել գիշերային ակումբ զուտ նրա համար, որ սևամորթ էր: Որպես բողոքի նշան, նա մեդալը շպրտեց գետը՝ այն մեդալը, որից երբեք չէր բաժանվում և որը հպարտորեն կրում էր ամենուրեք: Ճիշտ է, հետագայում նրան հանդիսավոր պայմաններում վերադարձրին դրա կրկնօրինակը, սակայն դա արդեն այն ժամանակ էր, երբ Ամերիկայում վաղուց հաղթել էր հակառասիստական շարժումը, իսկ բռնցքամարտիկը վաղուց դարձել համաշխարհային դեմք:
Բանակում ծառայելուց հրաժարվելու համար 1967 թվին նրան բանտ նստեցրին՝ զրկելով լիցենզիայից: Արդեն այդ ժամանակ երիտասարդ բռնցքամարտիկն ութ անգամ հասցրել էր պաշտպանել չեմպիոնական տիտղոսը:
Կալանքը կրելուց հետո նա վերադարձավ ռինգ ու շռնդալից հաղթանակներ տարավ: Դրանցից առաջինը Ջո Ֆրեյզերի նկատմամբ էր, ով նրա բացակայությամբ դարձել էր չեմպիոն: Նրանց այդ մենամարտը պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ռինգ էին ելել պարտություն չճաշակած աշխարհի գործող չեմպիոնն ու նույնպես պարտություն չճաշակած աշխարհի նախկին չեմպիոնը: Այդ մարտում Ալին պարտվեց, սակայն չկոտրվեց: Ծանր մարտերի շարանից հետո ռինգում նա կրկին բախվեց այդ պահին արդեն իսկ չեմպիոնական գոտին կորցրած Ֆրեյզերի հետ ու դժվարագույն հաղթանակ տարավ: Այդ մարտը համաշխարհային բռնցքամարտի ոսկե ֆոնդ է մտել:
Հետո եղավ նրա չեմպիոնական մենամարտը Ջորջ Ֆորմանի հետ, ով այդ ժամանակ քառասունից քառասուն հաղթական մարտ էր ունեցել, որից երեսունյոթը՝ նոկաուտով: Դաժանագույն կլիմայական պայմաններում անցկացված այդ մարտում հաղթեց աշխարհի չեմպիոնին, ով պարզապես շնչահեղձ էր եղել յոթերորդ ռաունդում: Այդ մարտից հետո ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջերալդ Ֆորդը նրան ընդունեց Սպիտակ տանը: Միացյալ Նահանգների պատմության մեջ դա առաջին դեպքն էր, որ սևամորթ մարզիկը հյուրընկալվում էր երկրի նախագահի նստավայրում:
1975 թ. հոկտեմբերի մեկին ռինգում կրկին հանդիպեցին Ալին ու Ֆրեյզերը: Պատմության մեջ այն հայտնի է «Թրիլլեր Մանիլայում» անվամբ: Դա կենաց ու մահու մարտ էր, որը դադարեցվեց տասնչորսերորդ ռաունդում այն բանից հետո, երբ աչքի տակ առաջացած հեմատոմայի պատճառով Ֆրեյզերը չկարողացավ պատասխանել մրցավարի «Քանի՞ մատ եմ ցույց տալիս» հարցին: Ի դեպ, հետագայում Ալիի բժիշկը խոստովանել է, որ Ալին էլ այն աստիճանի ուժասպառ էր եղել, որ շարունակելու դեպքում վերջին ռաունդին չէր կարողանա մասնակցել: Դրա վկայությունն է նաև այն, որ հաղթողին հայտարարելուց անմիջապես հետո նա ուշագնաց եղավ:
Ալին մեծանուն բռնցքամարտիկ լինելուց զատ, հայտնի էր նաև իր սուր լեզվով, թևավոր խոսքերով: Դրանցից առավել հայտնին «Թևել, ինչպես թիթեռը, խայթել, ինչպես մեղուն» արտահայտությունն է, որով իսկ նա բնութագրում էր բռնցքամարտելու իր արվեստը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ